Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է ֆիբրոգենեզի վերջնական (տերմինալ) փուլ: Այն ընթանում է լյարդում ֆիբրոզ սեպտաների, ռեգեներացիոն հանգույցների ձևավորմամբ:
Լյարդում գործընթացները բերում են լյարդի նորմալ հյուսվածքի կառուցվածքի՝ լյարդային արխիտեկտոնիկայի և անոթային համակարգի փոփոխման՝ ներլյարդային անաստամոզների առաջացմամբ:
Որո՞նք են ցիռոզի առաջացման պատճառները:
Ցիռոզի դասակարգման համար պետք է հաշվի առնել էթիոլոգիական գործոնը (վիրուսային, ալկոհոլային, տոքսիկ, աուտոիմուն, ժառանգական նյութափոխանակային, կանգային, խոլեստատիկ և այլն), մորֆոլոգիական փոփոխությունները (մանր հանգուցային- միկրոնոդուլյար, խոշոր հանգուցային- մակրոնոդուլյար, և խառը), ծանրության աստիճանը:
Հիվանդության առաջացման մեջ կարևոր դեր ունեն քրոնիկ վիրուսային հեպատիտիները (A, B, C), ալկոհոլիզմը, նյութափոխանակության ժառանգական խանգարումները, լեղուղիների հիվանդությունները, սրտային անբավարարությունը, քիմիական և դեղորայքային թունավորումները, աուտոիմուն գործընթացները, լեղականգը (խոլեստազ) և այլն:
Լյարդի ցիռոզի ի՞նչ տեսակներ կան:
Ցիռոզի վիրուսային (վիրուսային հեպատիտ) տեսակը պայմանավորված է լյարդային բջիջներում՝ հեպատոցիտներում, վիրուսի երկարատև ներկայությամբ (պերսիստենցիա):
Հաջորդ տեսակը ալկոհոլային ցիռոզն է, որի առաջացման հիմքում ալկոհոլային երկարատև ինտոքսիկացիան է, որը հանգեցնում է աղիներից վիտամինների և սպիտակուցների ներծծման խանգարման, դրանով իսկ նպաստելով լյարդի ցիռոզի զարգացմանը, ինչպես նաև՝ անմիջականորեն սպեցիֆիկ կերպով ազդում է հեպատոցիտների և նյութափոխանակության վրա:
Ցիռոզի տեսակներից են ժառանգական նախատրամադրվածության հիմքով նյութափոխանակության խանգարումների առաջացրած լյարդային ախտաբանությունները՝ α1-անտիտրիպսինի անբավարարություն, գալակտոզեմիա, գլիկոգենի կուտակման հիվանդություն, հեմոքրոմատոզ, Վիլսոն-Կանավալովի հիվանդություն:
Լյարդի ցիռոզի մյուս տեսակը՝ տոքսիկ ցիռոզը ծագում է քառաքլոր ածխածնի, ֆոսֆորի, արսենի միացությունների կրկնվող և երկարատև ազդեցության արդյունքում, սննդային և բուսական թույներով թունավորումների դեպքում (թունավոր սնկեր):
Դեղորայքներից առավել հեպատոտոքսիկ են մեթիլդոֆան, իզոնիազիդը, ցիտոստատիկները, ամինազինը, քլորոֆորմը, որոշ հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային դեղեր և այլն:
Լյարդի լեղային (բիլիար) ցիռոզի առաջացման մեջ նշանակություն ունեն ներ և արտալյարդային լեղուղիների խցանումը (օբտուրացիա) և բորբոքումը, որոնք հանգեցնում են լեղականգի: Ցանկացած պատճառ, որը բերում է արտալյարդային լեղուղիների խցանման, կարող է երկրորդային բիլիար ցիռոզի պատճառ լինել:
Լյարդում երկարատև երակային կանգը ևս կարող է բերել ցիռոզի զարգացման, որը հաճախ հանդիպում է սրտային անբավարարության ժամանակ, հատկապես, եռփեղկ փականի անբավարարության:
Խոսենք լյարդի ցիռոզի պաթոգենեզի մասին:
Լյարդի ցիռոզի պաթոգենեզը սերտորեն կապված է մորֆոգենեզի հետ: Լյարդի ցիռոզի զարգացման մեխանիզմում առավել մեծ նշանակություն ունեն հեպատոցիտների տարբեր տևողությամբ կրկնվող նեկրոզները: Այդ նեկրոզներն առաջանում են
էթիոլոգիական գործոնների ազդեցության տակ և հանգեցնում են լյարդի ռետիկուլյար հենքի փոփոխության, սպիների առաջացման, լյարդի շրջակա պահպանված հատվածներում արյունամատակարարման խանգարման:
Պահպանված հեպատոցիտներում կամ բլթակների հատվածներում ուժեղանում է ռեգեներացիան` նեկրոզի օջախից մուտք գործող և աճը խթանող նյութերի ազդեցությամբ: Առաջացած մեծ հանգույց-ռեգեներատները ճնշում են իրենց շրջապատող հյուսվածքը և նրա անոթային ցանցը: Հատկապես ուժեղ են ճնշվում լյարդային երակները, որի արդյունքում զարգանում է արյան արտահոսքի խանգարում: Դա բերում է դռներակային գերճնշման (պորտալ հիպերտենզիա) և դռներակի ու լյարդային երակների միջև բերանակցումների առաջացման, ինչը նպատակ ունի հեշտացնել ներլյարդային արյան շրջանառությունը:
Սակայն արյունը բերանակցումներով շրջանցում է լյարդի պահպանված հյուսվածքը (պարենխիման), իսկ դա կտրուկ վատացնում է վերջինիս արյունամատակարարումը և կարող է բերել նոր իշեմիկ նեկրոզների, ցիռոզի հարաճման՝ նույնիսկ առաջնային էթիոլոգիական գործոնի բացակայության պայմաններում:
Միաժամանակ տեղի է ունենում կոլագենային շարակցական հյուսվածքի աճ: Հարպորտալ (պերիպորտալ) դաշտերից շարակցա-հյուսվածքային միջնորմները (սեպտաներ) ներաճում են լյարդի պարենխիմայի մեջ և ձևավորում են (ֆրագմենտացիա) բլթակներ:
Առաջացած «կեղծ» բլթակները հետագայում կարող են դառնալ հանգուցային ռեգեներացիայի աղբյուր:
Որո՞նք են ցիռոզի տեսանելի ախտանշանները:
Ցիռոզով հիվանդներիզննման ժամանակ դիտվում ենհետևյալ նշանները.
Հյուծում, երբ ո՛չ միայն անհետանում է ենթամաշկային ճարպաբջջանքը, այլև զարգանում է մկանների ատրոֆիա (հատկապես վերին ուսագոտու): Այդպիսի հիվանդներն ունեն բնորոշ ընդհանուր տեսք՝ նիհարած դեմք (մաշկի գորշ կամ սուբիկտերիկ գույնով), վառ շրթունքներ և լեզու, այտոսկրային շրջանի էրիթեմա, բարակ վերջույթներ և մեծ որովայն (ասցիտիհաշվին), որովայնի պատի ենթամաշկային երակների լայնացում, ոտքերի այտուցներ: Հիվանդների ընդհանուր սնուցման խանգարումը կապված է մարսողության, սննդի յուրացման, ինչպես նաև ախտահարված լյարդում սպիտակուցի սինթեզի խանգարման հետ:
Դեղնուկը՝ բացի բիլիար ցիռոզի դեպքերից, հեպատոցելյուլար (լյարդաբջջային) անբավարարության արտահայտություն է: Ախտահարված հեպատոցիտները մասամբ կորցնում են արյունից բիլիռուբինի կլանման և այն գլյուկուրոնաթթվի հետ կապելու ունակությունը: Կապված բիլիռուբինի արտազատումը լեղու մեջ ևս խանգարվում է: Արդյունքում արյան շիճուկում մեծանում է բիլիռուբինի պարունակությունը: Դեղնուկին, սովորաբար, բնորոշ է կղանքի մասնակի գունաթափումը, մեզի մգացումը: Հաճախ դեղնուկն ուղեկցվում է մաշկային քորով: Դեղնուկի արտահայտվածությունը տարբեր է՝ սկսած թեթև սուբիկտերիկությունից մինչև արտահայտված իկտերիկ վիճակ:
Զննման ժամանակ հայտնաբերվում են նաև անոթային «աստղիկներ», որոնք կարող են հայտնվել հիվանդության արտահայտված ախտանիշներից մի քանի տարի առաջ: Դրանց քանակի շատացումը և գունավորման հատուկ պայծառությունը դիտվում են հիվանդության սրացման ժամանակ: Լինում է նաև ափերի էրիթեմա («լյարդային ափեր»), կարմիր, փայլող շուրթեր, բերանի լորձաթաղանթի կարմրություն, կարմիր «լաքապատ» լեզու, գինեկոմաստիա և տղամարդկանց մոտ զարգացող այլ սեռական հատկանիշներ (դեմքի, կրծքի, որովայնի մազերի աճի նվազում, ճաղատացում), քսանթոմատոզ վահանիկներ մաշկի վրա (բնորոշ է բիլիար ցիռոզին), «թմբկափայտիկների» տեսքով մատներ:
Որովայնի մաշկի զննումով կարելի է հայտնաբերել որովայնային պատի հյուծված մաշկի միջով տեսանելի լայնացած երակները (caput Medusae). կոլատերալ երակային ցանցը կարող է տեսանելի լինել նաև կրծքի վրա:
Ինչպիսի՞ն է կլինիկական պատկերը:
Ցիռոզի կլինիկական պատկերը տարբեր է՝ կախված էթիոլոգիական գործոնից, հիվանդության փուլերից և ակտիվությունից:
Տարբերակում են ցիռոզի երկու՝ կոմպենսացիայի և դեկոմպենսացիայի փուլ: Հիվանդության անախտանիշ ընթացքը հիմնականում համապատասխանում է լյարդի ցիռոզի կոմպենսացված փուլին: Այս փուլում հիվանդները, սովորաբար, գանգատվում են արտահայտված ընդհանուր թուլությունից, հոգնածության զգացումից, սրտխառնոցից, ախորժակի անկումից, քաշի կորստից,աշխատունակության անկումից, դեղնուկից:
Դեկոմպենսացված փուլի ժամանակ ցիռոզի բնորոշ ախտանշանները և համախտանիշներն են պորտալ հիպերտենզիան՝ դռներակի համակարգում ճնշման բարձրացումը, որը բերում է պորտալ անոթներում, լյարդային անոթներում, ստորին սիներակում արյան շրջանառության խանգարման, կերակրափողի երակների վարիկոզ լայնացումը, հեպատոմեգալիան, ասցիտը, սպլենոմեգալիան:
Հեպատոմեգալիան լինում է հիվանդության սկզբում, իսկ ուշ փուլերում դիտվում է լյարդի չափերի փոքրացում: Սպլենոմեգալիան պայմանավորված է երակային կանգով, պորտալ համակարգում արյան շրջանառության խանգարմամբ: Հեպատոլիենալ համախտանիշը ցիռոզի դեպքում հաճախ ուղեկցվում է հիպերսպլենիզմով՝ դիտվում է արյան ձևավոր տարրերի նվազում (լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, անեմիա) և ոսկրածուծում դրանց քանակի շատացում:
Ասցիտը որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակումն է: Ասցիտի զարգացմանը նպաստում է պորտալ հիպերտենզիան: Լյարդի ցիռոզի ժամանակ դիտվում է ներլյարդային դիմադրության (ռեզիստենտության) բարձրացում, որը բերում է դռներակային համակարգում արյան հոսքի դժվարացման և ճնշման բարձրացման:Արյունահոսությունների հետ կապված` լինում է երկաթդեֆիցիտային սակավարյունություն,B12 վիտամինի և ֆոլաթթվի փոխանակության խանգարման հետևանքով դիտվում է մակրոցիտար սակավարյունություն, իսկ փայծաղի ակտիվացած հեմոլիզի հետևանքով՝ հեմոլիտիկ սակավարյունություն:
Դեղնուկի առաջացումը պայմանավորված է լյարդաբջջային անբավարարությամբ, որի ժամանակ խանգարվում է բիլիռուբինի մետաբոլիզմը, այն արտահայտվում է մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնությամբ: Զարգացման հիմքում են մակարդման գործոնների սինթեզի նվազումը, թրոմբոցիտների քանակի և ֆունկցիոնալ վիճակի խանգարումը:
Ցիռոզի ժամանակ ի՞նչ բարդություններ կարող են լինել:
Ծանր բարդություններ են կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղու լայնացած երակներից զանգվածային արյունահոսությունները, որոնք կարող են ունենալ մահացու ելք:
Կարող են լինել նաև քթային, լնդային, արգանդային արյունահոսություններ, մաշկային հեմոռագիաներ, որոնք ի հայտ են գալիս ցիռոզի արտահայտված դեկոմպենսացիայի շրջանում:
Էնդոկրին խանգարումների հետ կապված դիտվում է գինեկոմաստիա, սեռական ակտիվության ընկճում, ֆեմինիզացիա, կանանց մոտ` դիսմենորեա, ամենորեա, անպտղություն:
Ցիռոզով հիվանդների 50%-ի մոտ կարող է առաջանալ շաքարային դիաբետ:
Բարդություններից է նաև էնցեֆալոպաթիան: Լյարդային էնցեֆալոպաթիան նեյրոփսիխիկ համախտանիշ է, որը կապված է լյարդաբջջային անբավարարության հետ: Էնցեֆալոպաթիան ախտորոշվում է, երբ լյարդային դիսֆունկցիայով պացիենտների մոտ ժխտվում են ուղեղային այլ հիվանդությունները: Զարգացման հիմքում են տոքսիկ նյութերը (ամոնիակ, մերկապտան), կեղծ նեյրոտրանսմիտրների առաջացումը, գամմա-ամինոկարագաթթվի կուտակումն արյան մեջ:
Երիկամներում՝ ակնհայտ ախտաբանության բացակայության պայմաններում, որպես լյարդային հիվանդության բարդություն կարող է առաջանալ երիկամային անբավարարություն (հեպատոռենալ համախտանիշ):
Ինչպե՞ս ախտորոշել:
Լաբորատոր հետազոտություններ: Ակտիվ ցիռոզային գործընթացի ընթացքում արյան կողմից դիտվում է սակավարյունություն, լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա և ԷՆԱ-ի մեծացում: Սակավարյունությունը կարող է լինել հիպերսպլենիզմի, արյունահոսությունների, լյարդաբջջային անբավարարության, ոչ հազվադեպ նաև ուժեղացած հեմոլիզի (որն ուղեկցվում է ծայրամասային արյան ռետիկուլոցիտոզով) հետևանք:
Արյան շիճուկում լինում է նաև բիլիռուբինի մակարդակի մեծացում` հատկապես հիվանդության ուշ շրջաններում: Մեզում հայտնաբերվում է ուրոբիլինի մեծ քանակ, որը լյարդային անբավարարության կարևոր ցուցանիշ է: Մեզում ուրոբիլինի և կղանքում ստերկոբիլինի քանակությունը նվազում է արտահայտված դեղնուկի առկայության դեպքում, երբ աղիներ է անցնում բիլիռուբինի ոչ մեծ քանակություն: Դեղնուկի դեպքում մեզում որոշվում է նաև բիլիռուբինը: Լյարդիֆունկցիայի մասին կարելի է դատել՝ արյան շիճուկումորոշելով լյարդի ֆունկցիոնալ փորձերը՝ընդհանուր սպիտակուց, ալբումին, բիլիռուբիններ, ԱԼՏ, ԱՍՏ, ԳԳՏ, հիմնային ֆոսֆատազա, կոագուլոգրամմա, արյան սերոլոգիական քննություն, լյարդի օնկոմարկերի որոշում՝ ալֆա ֆետոպրոտեին:
Գործիքային հետազոտություններ: ՈՒՁՀ միջոցով կարելի է դատել ինչպես լյարդի հյուսվածքի, այնպես էլ անոթների մասին, ախտորոշել պորտալ, բիլիար հիպերտենզիան, որոշել ասցիտի առկայությունը:
ԷԳԴՍ հետազոտությունը տեղեկատվական է լյարդի ցիռոզի բարդություններից՝ պորտալ հիպերտենզիայի հայտնաբերման համար: Պորտալ հիպերտենզիան բերում է կերակրափողի երակների վարիկոզ լայնացած երակների առաջացման, որոնք հայտնաբերվում են ԷԳԴՍ հետազոտության ժամանակ:
Էնդոսկոպիան ունի ո՛չ միայն ախտորոշիչ, այլ նաև բուժիչ նշանակություն: Էնդոսկոպիկ միջամտությամբ իրականացվում է արյունահոսության դադարեցում, կերակրափողի երակների լիգավորում:
Որովայնի օրգանների համակարգչային շերտագրությունը և ՄՌՏ-ն ևս բավականին տեղեկատվական հետազոտման մեթոդներ են:
Ինչպե՞ս բուժել լյարդի ցիռոզը:
Ռեժիմը և սննդակարգը՝ կախված հիվանդության էթիոլոգիայից, ծանրության, ակտիվության աստիճանից, բորբոքային-նեկրոտիկ գործընթացների ակտիվությունից, տարբեր են:
Ռեժիմը միշտ պետք է լինի խնայողական, սահմանափակվում է ֆիզիկական ակտիվությունը: Հարկավոր է բացառել ալկոհոլը և տոքսիկ նյութերի հետ շփումը: Դեղորայքային բուժումը պետք է ուղղված լինի էթիոլոգիական գործոնների կարգավորմանը:
Կիրառվում է դեզինտոքսիկացիոն թերապիա: Նշանակվում են հեպատոցիտների նյութափոխանակությունը լավացնող պատրաստուկներ՝վիտամիններ (վիտամին B6, B1, ֆոլաթթու, վիտամին B12), հեպատոպրոտեկտորներ, միզամուղներ(վերոշպիրոն, ֆուրոսեմիդ), միաժամանակ նաև իրականացվում է էլեկտրոլիտների վերահսկողություն:
Կայուն ասցիտները, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման, կարիք ունեն լապարացենտեզի: Աուտոիմուն ցիռոզների բուժման նպատակով կիրառվում են գլյուկոկորտիկոստերոիդներ: Վիրուսային ծագման ցիռոզների բուժման համար կիրառվում են ինտերֆերոններ: Էնցեֆալոպաթիայի դեպքումիրականացվում է անտիբիոտիկների կիրառում, օրինակ՝ ռիֆաքսիմին, նշանակվում է նաև հեպամերց, որն ունի դետոքսիկացիոն ազդեցություն,դյուֆալակ կամ լակսալակ, որոնք ապահովում են աղիների նորմալ աշխատանքըև նպաստում աղիների միջոցով օրգանիզմից տոքսիկ նյութերի հեռացմանը:
Մարգարիտա Մարգարյան,
գաստրոէնտերոլոգ
«Արմենիա» ՀԲԿ
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն